Չնայած այն հանգամանքին, որ, Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքով պայմանավորված, ՕՐՕ-ն երեկ քարոզարշավ չէր իրականացնում, այնուամենայնիվ, դաշինքը հանդես եկավ հայտարարությամբ, որն` իր քաղաքական նշանակությամբ, ավելին է, քան մարզային այցերը, որոնք աչքի չեն ընկնում մարդաշատությամբ ու թարմ ասելիքով: ՕՐՕ-ն իր «պատրաստականությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձևավորել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով դրանում ՀՀԿ–ի ներգրավվումը, որի կապակցությամբ միասնաբար քննարկել եւ ստորագրել համապատասխան հուշագիր»: Ինքնին ենթադրելի է, որ դաշինքի այս հայտարարությունը չի ենթադրում համագործակցության հրավեր միայն խորհրդարանական հարթակում:
Ակնհայտ է նաև, որ տողատակում հասկացվում է, թե մյուս քաղաքական ուժերն իշխանափոխության պետք է գնան հենց ՕՐՕ-ի առանցքով: Այս դաշինքում գուցե հավաքված են փորձառու մարդիկ, սակայն նրանք չունեն ընդդիմադիր գործունեության հարուստ փորձ և, ըստ էության, նրանց հայտարարությունը նման է ֆալստարտի: Պատահական չէ, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շտապել է հայտարարել՝ «մենք գնում ենք վերցնելու ամենաբարձր նշաձողը՝ 50+1» : Ասել կուզի` ԲՀԿ-ն միայնակ է հավակնում իշխանություն ձևավորել ու գոնե այս պահին խանդավառված չէ ՕՐՕ-ի առաջարկով: Հավակնությունների մասով մյուս ընդդիմադիրները երեկ ավելի զուսպ են եղել, սակայն ակնհայտորեն հասկացրել են, որ ունեն իրենց օրակարգը և, լավագույն դեքում, պատրաստ են քննարկել ՕՐՕ-ի առաջարկը: Նման արձագանքը սպասելի էր, որովհետև քաղաքական ուժերի մարտավարությունը միանգամայն տարբեր է. մեկը ձգտում է շատ մանդատների, մյուսը շեշտը դրել է գաղափարական քարոզարշավի վրա, երրորդն իր գործունեությունը կառուցում է հետընտրական զարգացումների օրակարգով:
Նախօրեին ծեծի է ենթարկվել գործող պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի Աջափնյակի ռեյտինգային ցուցակով առաջադրված Վահան Կարապետյանը: Օրվա առաջին կեսին ԲՀԿ-ն պաշտոնապես պնդում էր, որ բռնության կազմակերպիչն Արման Սահակյանն է` նույն ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուն, ԱԺ նախագահի որդին: Օրվա երկրորդ կեսին «պարզվեց», որ Կարապետյանը վնասվել է ընկնելուց: ԲՀԿ մեկ այլ թեկնածու Լյովա Խաչատրյանն անկեղծացել է` կասկածի տակ դնելով գործընկերոջ «ընկնելու» վարկածը: «Ունե՞ք դատաիրավական համակարգ: Դուք տեսե՞լ եք մի տեղ արդար դատավարություն: Նման դատաիրավական համակարգի դեպքում այլ բանի մասին խոսելն իմաստ ունի՞»,-ասել է նա: Իրավապահ համակարգի մասով Խաչատրյանը, իհարկե, ճիշտ է. ամբողջ ողբերգությունն այն է, որ այս միջադեպը հանգուցալուծվելու է արտաիրավական հարթության մեջ` ծնելով նոր, գուցե` արյունալի միջադեպեր:
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական երեկվա հանգրվանն Աշտարակ քաղաքն էր: «Հաց բերող» Արթուր Սարգսյանի թեման առանցքայինն է եղել: «Իշխանությունները բացարձակ ոչնչով չարդարացված հալածանքներ և հետապնդումներ իրականացրեցին նրա նկատմամբ: Այդ ամեն ինչի հետևում քաղաքական մտադրություններ կային»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
Եվ վերջապես, երեկ խիստ ուշագրավ հայտարարություն է արել վարչապետ Կարեն Կարապետյանը թմբկահարվող 3,2 միլիարդ ներդրումների մասին: Պարզվում է` ներդրողները «սպասում են ապրիլի 3-ին»: Դե, պարզ է ակնարկը` ընտրեք ինձ ու ՀՀԿ-ին, որ երկիր փողեր գան:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ